ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել երրորդ ավիակիրը։ Դրա մասին գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով պաշտոնյաներին։
Խոսքը USS George H.W. Bush նավի մասին է։ Այն տարածաշրջան է ուղևորվում՝ ռազմանավերի ուղեկցությամբ։ ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ավիակիրը մարտի 31-ին մեկնել է Վիրջինիայի Նորֆոլկի ռազմածովային կայանից։ The Wall Street Journal-ը նշել է, որ այն կարող է իր նշանակման վայրը հասնել մի քանի շաբաթից։
Երկու պաշտոնյաներ լրագրողներին հայտնել են, որ USS George H.W. Bush նավը կմիանա USS Abraham Lincoln և USS Gerald R. Ford ավիակիրների հարվածային խմբերին։ Առաջինը ներկայում գտնվում է Արաբական ծովում, իսկ երկրորդը՝ Խորվաթիայի նավահանգստում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։
Պարբերականը նշել է, որ երրորդ ավիակիրի տեղակայումը տեղի է ունենում տարածաշրջանում ամերիկյան ուժերի կուտակման և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ հետագա ռազմական գործողությունների քննարկման պայմաններում։
Abraham Lincoln ավիակիրը Մերձավոր Արևելք է ժամանել 2026 թվականի հունվարի վերջին։ Փետրվարի կեսին հայտարարվեց, որ տարածաշրջան է տեղակայվում երկրորդ ավիակիր խումբը։ Մարտի 31-ին Reuters-ը հաղորդեց, որ ԱՄՆ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զորքերը սկսել են ժամանել Մերձավոր Արևելք։ Մի քանի օր առաջ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց Tripoli դեսանտային գրոհային նավի ժամանման մասին, որը տեղափոխում էր 3500 նավաստի և ծովային հետևակի։
The Washington Post-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, ավելի վաղ հաղորդել էր, որ Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ «մի քանի ամիս»։ Նշվում էր, որ պարզ չէ՝ Թրամփը կընդունի՞ օպերատիվ ծրագրերից որևէ մեկը։ Պարբերականի աղբյուրները ընդգծել են նաև, որ ցանկացած հնարավոր ցամաքային արշավ լիարժեք ներխուժում չի լինի։ Այն կարող է ներառել հետևակի և հատուկ գործողությունների ուժերի ռմբակոծություններ։
