Փետրվարի 28-ին ԱՄՆ զինված ուժերը սկսել են «Էպիկական զայրույթ» գործողությունը՝ հստակ ձևակերպված նպատակներով՝ «ոչնչացնել Իրանի հարձակողական հրթիռները, վերացնել Իրանի հրթիռային արտադրությունը, խոցել Իրանի ռազմածովային ուժերը և այլ ենթակառուցվածքներ», ինչպես նաև ապահովել, որ Իրանը «երբեք միջուկային զենք չունենա»։ Այս մասին նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի վերլուծությունում։

««Էպիկական զայրույթը» ընդամենը հերթական փուլն է Իրանի հետ շարունակվող միջազգային զինված հակամարտության։ Ինչպես Միացյալ Նահանգները բազմիցս ընդգծել է, այն ներգրավված է այս հակամարտության մեջ՝ իր իսրայելյան դաշնակցի խնդրանքով և կոլեկտիվ ինքնապաշտպանության նպատակով, ինչպես նաև իր «ինքնապաշտպանության անքակտելի իրավունքի» իրականացման շրջանակում։

Քննադատները պնդում են, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Սակայն, ըստ ԱՄՆ-ի, դրանք իրականացվում են միջազգային իրավունքի ընդունված նորմերի շրջանակում, որոնք վերաբերում են ուժի կիրառմանը և ինքնապաշտպանությանը։ Այս իրավական գնահատականը հիմնված է փաստերի վրա, որոնք, ըստ ամերիկյան կողմի, վկայում են Իրանի երկարամյա չարամիտ ագրեսիայի մասին՝ մասնավորապես Միացյալ Նահանգների, Իսրայելի և տարածաշրջանի այլ երկրների դեմ իրականացված հարձակումների, որոնք հանգեցրել են միջազգային զինված հակամարտության՝ նախորդելով փետրվարի 28-ի գործողություններին և շարունակվելով մինչ այսօր»,— նշվում է զեկույցում։

Share.