Ամերիկյան ավիակրային հարվածային խումբը՝ Միացյալ Նահանգների USS Nimitz հնագույն ավիակրի գլխավորությամբ, ժամանել է Կարիբյան ծով։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։ «Բարի գալուստ Կարիբյան ծով, Nimitz ավիակրի հարվածային խումբ», – ասվում է X-ում արված հրապարակման մեջ։ Ավիակրին ուղեկցում են USS Gridley էսկադրային ականակիրը և վառելիք լիցքավորող նավը։
ԱՄՆ-ն ավելի վաղ մեղադրանք է առաջադրել Կուբայի հեղափոխության առաջնորդներից մեկին՝ Ռաուլ Կաստրոյին։ Մասնավորապես, Կուբայի Հեղափոխության առաջնորդների մեկը համարվող Ռաուլ Կաստրոն մեղադրվում է չորս մարդու սպանության, երկու օդանավի ոչնչացման և ԱՄՆ քաղաքացիների սպանության նպատակով հանցավոր համաձայնության մեջ։ Մեղադրանքները կապված են 1996 թվականի միջադեպի հետ, երբ Կուբայի ռազմաօդային ուժերը խոցել են Մայամիում վտարանդիների «Եղբայրները գալիս են օգնության» կազմակերպությանը պատկանող երկու ինքնաթիռ։
Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան Կաստրոյի դեմ մեղադրանքները ֆարս է անվանել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մանրամասնել, թե պատրաստ է արդյոք Կուբայում ռազմական գործողություն իրականացնելու հրաման տալ, ինչպիսին Միացյալ Նահանգներն ավելի վաղ իրականացրել է Վենեսուելայում:
