Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Էմիրությունների ՀՕՊ միջոցները երկուշաբթի որսացել են Իրանից արձակված 12 բալիստիկ հրթիռ, երեք թևավոր հրթիռ և չորս անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով երեք մարդ ստացել է միջին ծանրության վնասվածքներ. հայտնում է Al Arabiya-ն:
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ իրեն վերապահում է «իրանական վերջին հարձակումներին պատասխանելու լիակատար և օրինական իրավունքը»:
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումները հանգեցրել են լուրջ էսկալացիայի և ուղղակի սպառնալիք են ներկայացնում երկրի անվտանգությանը:
Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ ալ-Բուդայվին հարձակումներն անվանել է «ագրեսիայի լուրջ ակտ և ակնհայտ էսկալացիա»: Ավելի վաղ՝ երկուշաբթի, Արաբական Միացյալ Էմիրությունները խստորեն դատապարտել էր իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումը ADNOC ընկերության նավթային տանկերի վրա շրջափակված Հորմուզի նեղուցում, այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները պատրաստվում էր սկսել նավերի ուղեկցումն այդ ջրային ուղով: Երկու անօդաչու սարք հարվածել են MV Barakah նավին Օմանի ափերի մոտ, սակայն տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետական նավթային հսկա ADNOC-ը՝ հավելելով, որ նավը բեռ չի փոխադրելիս եղել:
«Հարձակումն առևտրային նավագնացության վրա և Հորմուզի նեղուցի օգտագործումը որպես տնտեսական հարկադրանքի կամ շանտաժի գործիք, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրականացրած ծովահենության ակտեր են», – հայտարարել են Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունում:
