Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը զուգահեռ է անցկացրել Երևանի քաղաքական գծի և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների մեկնարկի միջև։ Նա գրառում է արել «Max» հարթակի իր ալիքում։
Վոլոդինը հիշեցրել է, որ Հաղթանակի օրվա նախաշեմին Երևանում տեղի է ունեցել գագաթնաժողով, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հյուրերը. միջոցառմանը հնչել են ներկաների, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու ելույթներն ու հայտարարությունները։
«Այսօր բոլորի համար ակնհայտ է այն հարցը, թե Փաշինյանի այդպիսի արարքներից հետո ինչպես կզարգանան հարաբերությունները։ Մեր պետություններն ավելի մո՞տ կլինեն, թե՞ ավելի հեռու։ Հարաբերություններում ավելի քիչ լարվածությու՞ն կլինի, թե՞ շատ: Ամենայն հավանականությամբ` երկրորդը: Ակամայից զուգահեռ է առաջանում. հենց այդպես ամեն ինչ սկսվեց Ուկրաինայում։ Արդյոք դա պե՞տք է Հայաստանի սովորական քաղաքացիներին»,- գրել է Վոլոդինը։
Նրա խոսքով` Ռուսաստանը հայ ժողովրդի հետ ունի շատ մտերիմ և լավ հարաբերություններ, ՌԴ տարածքում բնակվող հայերի թիվը գրեթե նույնքան է, որքան Հայաստանում ապրողներինը, և նրանք Ռուսաստանում այլ ժողովուրդների ներկայացուցիչների հետ հավասար հիմունքներով իրացնում են իրենց ներուժը՝ զբաղեցնելով պաշտոններ, ընտրվելով պատգամավոր և օգնելով Հայաստանում իրենց հարազատներին ու մերձավորներին:
«Կանխատեսում եմ, որ կհնչեն այսօրինակ հայտարարություններ. «Մենք ինքնիշխան պետություն ենք, ինչ ուզում ենք, անում ենք»։ Ոչ ոք չի խոսում ինքնիշխանության և միջամտության մասին։ Խոսքը բարոյականության և պարկեշտության մասին է։ Դրանք կա՛մ կան, կա՛մ չկան։ Կարելի է բարձր պաշտոններ զբաղեցնել, բայց դա չի նշանակում, որ մարդն ունի այդ հատկանիշները», – հավելել է Պետդումայի նախագահը։
Վոլոդինի խոսքով՝ Ռուսաստանն այլ երկրների հետ իր հարաբերությունները կառուցում է բարեկամության, փոխշահավետ համագործակցության, ինքնիշխան պետությունների գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա, և այնտեղ, որտեղ դրանք համակողմանիորեն զարգանում են, դա վերաճում է ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների:
