Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման հարցը կլուծվի ամենաուշը 2 տարուց. այսօր՝ մայիսի 24-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ելույթի ընթացքում Փաշինյանն ասել է, որ որպես պաշտոնյա՝ ԵԱՏՄ շրջանակում ունի «բավականին մեծ ազդեցություն», և իր համար այդ ձևաչափում «չլուծվող հարցեր չկան»։
«Հիմա զբաղված եմ նախընտրական քարոզարշավով։ Եթե ստանամ ձեր վստահության քվեն, կլուծեմ բոլոր հարցերը չորս սկզբունքների շրջանակում։ Կա չորս սկզբունք՝ ապրանքներ-ծառայություններ, աշխատուժ, ֆինանսական միջոցներ, անխափան տեղաշարժ-տրանզիտ։ Այս չորս հարցերից չկա ոչ մեկը, որը ես չկարողանամ լուծել»,- ասել է նա։
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ այսօր ՀԱՊԿ գործընկերներն ասում են՝ «դուք ընդունել եք ԵՄ կազմի մեջ ընդունվելու գործընթացը սկսելու մասին օրենք, հիմա կողմնորոշվեք՝ գնո՞ւմ եք Եվրոպական միություն, թե՞ Եվրասիական տնտեսական միություն»։ «Իսկ մենք ասում ենք՝ ամենայն հարգանքով, դա որոշելու կարիք չունենք։ Երբ ժամանակը գա… մենք գիտենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության անդամ։
Բայց մենք նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չունենք, որովհետև հիմա Եվրասիական տնտեսական միության անդամ ենք և խորացնում ենք հարաբերությունները Եվրոպական միության հետ, ու ընդունել ենք Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք։ Բայց որոշումը կայացնելու է ժողովուրդը, որովհետև դա կարող է լուծվել միայն հանրաքվեի միջոցով»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի, Հայաստանի քաղաքացիներն արդեն երկար ժամանակ դժգոհում են, որ Եվրոպական միություն այցելելու համար վիզաներ ստանալիս խնդիրներ են առաջանում։ «Իսկ դուք գիտե՞ք՝ ինչու են վիզաներ ստանալիս խնդիրներ առաջանում։ Մեզ ասում են՝ «դուք Եվրոպական միության հետ այնքան լավ հարաբերությունների մեջ եք ու չեք կարողանում վիզաների հետ կապված ինչ-որ հարց լուծել»։ Իսկ գիտե՞ք պատճառը որն է։ Որովհետև 2018 թվականից մինչև 2025 թվականը Եվրոպական միություն մեկնած Հայաստանի քաղաքացիների թիվն աճել է 500%-ով։ Այսինքն՝ եվրոպական երկրների դեսպանատները չեն հասցնում ընդունել Հայաստանի քաղաքացիների հոսքերը…
Մենք ասում ենք, սիրելի ժողովուրդ, ամենաուշը երկու տարուց Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման հարցը լուծված կլինի»,- ասել է նա։
