«Եթե Ադրբեջանը Իսրայելի և ԱՄՆ-ի հետ շարունակի Իրանի դեմ ուղղված իր քաղաքականությունը, այդ վարչակարգը երկար չի գոյատևի»։ Այս մասին հայտարարել է Թեհրանի համալսարանի պրոֆեսոր և միջուկային բանակցությունների նախկին խորհրդական Սեյեդ Մոհամադ Մարանդին, հայտնում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։
Պրոֆեսոր Մարանդին այսպես է մեկնաբանել Ադրբեջանում Իլհամ Ալիևի իշխանության հարցը։
«Այն կկործանվի, և դրա փոխարեն կգա նոր կառավարություն, որը կբարեկամանա Իրանի հետ. դա կարող է տևել ընդամենը մի քանի օր»,- մեջբերում է ալիքը իրանցի պրոֆեսորի խոսքը:
Ավելի վաղ Middle East Eye պարբերականը գրել էր, որ Բաքվի և Իսրայելի երկարատև հարաբերությունները կարող են Ադրբեջանին ներքաշել Իրանի հետ ընդլայնվող պատերազմի մեջ։
Թեհրանում բնակվող մի քաղաքական վերլուծաբան, որը ցանկացել է անանուն մնալ, Middle East Eye-ին հայտնել է, որ իրանցի պաշտոնյաների կարծիքով՝ նախորդ հակամարտության ժամանակ Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը։
Բաքուն հերքել է այդ մեղադրանքները։ Այնուամենայնիվ, վերլուծաբանը նշել է, որ իրանցի առաջնորդները հակված են ներկայիս պատերազմը դիտարկել որպես գոյաբանական սպառնալիք։
