Հայաստանի Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը գեղեցիկ կատարումով մասնակցեց Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնության ազատ ծրագրին եւ ընդհանուր հաշվարկում գրավեց 8-րդ տեղը:

Հայաստանի սպորտային զույգը հանդես եկավ հնդակական մոտիվներով երաժշտության ներքո եւ վաստակեց  123.34 միավոր: Տեխնիկան գնահատվեց 63.75 միավոր, բարդությունը՝ 59.59 միավոր: Հայաստանի ներկայացուցիչները բոլոր տարրերը փայլուն կատարեցին, միայն վերջնամասում մեկ տարր ձախողեցին:

Օլիմպիական խաղերում Հայաստանի զույգն այս ծրագրում վաստակել էր 114. 39 միավոր:

Աշխարհի առաջնությունում կարճ ծրագրում վաստակած միավորների հանրագումարում Հայաստանի սպորտային զույգը վաստակեց 190.46 միավոր՝ գերազանցելով Օլիմպիական խաղերի միավորները (180. 66 միավոր): 

Ազատ ծրագրին մասնակցում է 20 զույգ: Բոլոր զույգերի մասնակցությունից հետո միայն պարզ կլինի Հայաստանի ներկայացուցիչների վերջնական արդյունքը:

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցող եւ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը կարճ ծրագրում «Արցախ» ստեղծագործությամբ գրավել էր 8-րդ տեղը` 67.12 միավոր:

Նշենք, որ Կարինա Ակոպովան ազգությամբ հայ է եւ նախորդ ամառ է իր մարզական զուգընկերոջ հետ փոխել մարզական քաղաքացիությունը:

Share.