Արևմուտքն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կկիրառի, եթե Բաքուն ամբողջությամբ վերակողմնորոշվի դեպի ՌԴ

Մանրամասներ
ալիև

Ամերիկացի կոնգրեսական Դինա Տիտուսը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն «Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության դաժան բռնաճնշումների առնչությամբ» պատժամիջոցներ է սահմանում Ադրբեջանի 44 պաշտոնյաների նկատմամբ։ Դրա մասին կոնգրեսականը հայտնել է X-ի իր միկրոբոլգում՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը պետք է վճռականորեն հանդես գա ընդդեմ հայերի ցեղասպանության։

Շվեյցարաբնակ նախկին քաղբանտարկյալ ադրբեջանցի քաղաքական դիտորդ Ռաուֆ Միրկադիրովը The Insider-ին տված հարցազրույցում ասել է, որ Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի դեմ, եթե Բաքվին Ռուսաստանի լիարժեք դաշնակիցը համարի։

«Մեր պաշտոնյաների, ներառյալ՝ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները վաղուց պետք է կիրառվեին, բայց, իմ կարծիքով, դրա հավանականությունն այնքան էլ մեծ չէ։ Ամենայն հավանականությամբ, պատժամիջոցները կկիրառվեն միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն ամբողջությամբ վերակողմնորոշվի դեպի Ռուսաստան և գործի ի շահ Ռուսաստանի արտաքին քաղաքականության։ Ադրբեջանում տասը տարի առաջ ոչնչացվեցին ժողովրդավարության և խոսքի ազատության վերջին ծիլերը»,- ընդգծել է Միրկադիրովը։

Ըստ նրա՝ ԱՄՆ Կոնգրեսում նմանատիպ փաստաթուղթ քննարկվել է նաև 2015 թվականի վերջին։ Միրկադիրովը նշել է, որ եթե ​​անգամ օրինագիծն ընդունվի, դա չի նշանակում, որ պատժամիջոցներն անմիջապես ուժի մեջ կմտնեն։ «Նման օրինագծերն ավելի շատ խորհրդատվական բնույթ ունեն։ Անձնական պատժամիջոցների կիրառումը գործադիր իշխանության, հիմնականում՝ ֆինանսների նախարարության իրավասությունն է»,- շեշտել է նա:

Ադրբեջանի ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ քանի դեռ Արևմուտքը կարծում է, որ Ադրբեջանը կարող է օգտակար լինել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական որոշակի խնդիրների լուծման համար, երկրի քաղաքական ղեկավարության դեմ լուրջ պատժամիջոցներ չեն սահմանվի։

Նա նշել է, թե առայժմ նման խաղ է ընթանում. Ալիևը մեկ հանդիպում  է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, մեկ էլ հասնում է Մոսկվա։ »Նա անընդհատ և հմտորեն մանևրում է»,- նշել է Միրկադիրովը։